Սկսված շաբաթը համաշխարհային ֆուտբոլում մարզասերների համար նշանավորվում է Չեմպիոնների լիգայի խաղերի վերսկսումով: Ընթերցողը հարկավ տեղյակ է, որ մեկ ութերորդի առաջին խաղերն են, և արդեն այսօր պատիվ կունենանք լինելու «Մանչեստր Սիթի»-«Բարսելոն», «Բայեր»-ՊՍԺ դիմակայությունների ականատեսը, իսկ վաղը կվայելենք «Միլան»-«Աթլետիկո», «Արսենալ»-«Բավարիա» առճակատումները: Նաև այս հենքի վրա հետաքրքրական է իմանալ, թե ինչով ավարտվեցին անցած հանգստյան օրերին կայացած եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների հերթական խաղերը: Ասենք, որ հարաբերական դադար էր միայն անգլիականում, սակայն միանգամայն հարգելի պատճառով` երկրի գավաթի մեկ ութերորդի եզրափակիչներն էին` «Արսենալ»-«Լիվերպուլ», «Մանչեստր Սիթի»-«Չելսի» հանգուցային խաղերով, որոնցից մեկում Վենգերի տղաները «Լիվերպուլից» վրեժխնդիր եղան (2:1) առաջնությունում կրած խայտառակ պարտության համար, ինչը նույնությամբ արեցին և Պելեգրինիի սաները Մոուրինյոյի թիմի առնչությամբ: Ինչևէ: Անցնենք գործի:
Իսպանական պրեմիեր լիգայի նախորդ տուրի բերած փոփոխությունները նույնությամբ պահպանվեցին, քանի որ առաջատար եռյակը կազմած «Բարսելոնը», մադրիդյան «Ռեալն» ու «Աթլետիկոն» հաղթանակներ տարան: Կողմերի հեռակա այս յուրօրինակ մրցավեճն առանձնացավ մասնավորապես նրանով, թե ով իր մրցակցի դարպասն առավել շատ գոլ կխփեր: Առանձնապես հաջողեց կատալոնյան ակումբը` «Ռայո Վալեկանոյի» դարպասի վեց անպատասխան գրավումով, որտեղ կրկին աչքի ընկավ Մեսին: Նրա երկրորդ գոլը դարձավ 337-րդ գնդակը Իսպանիայի առաջնությունում: Սա ռեկորդային ցուցանիշ է. այդքան գնդակ առաջնությունում չի խփել և ոչ մի ֆուտբոլիստ` հանդես գալով մեկ թիմի կազմում: Սեփականն անառիկ պահելով` «Խետաֆեի» ու «Վալյադոլիդի» դարպասները «Բարսելոնից» կրկնակի պակաս գոլ խփեցին «Ռեալն» ու «Աթլետիկոն»` նույնպես ապահովելով խոշոր հաշվով հաղթանակ: Հիշեցնենք, որ նույն վաթսուն միավորով թիմերն այս հերթականությամբ էլ իրար են հաջորդում առաջնության աղյուսակում:
Իսպանացի կոլեգաներին կրկնեց Իտալիայի առաջնության առաջատար եռյակը: «Յուվենտուսը» 3:1 հաշվով առավելության է հասել «Կիևոյի» նկատմամբ, երեք անպատասխան գնդակ է անցկացրել «Սամպդորիայի» դարպասը «Ռոման», փոքր-ինչ համեստ արդյունք է գրանցվել «Սասուոլո»-«Նապոլի» դիմակայությունում` 0:2:
Բունդեսլիգայի առաջնությունում հաղթական հանդիպումներով են առանձնացել «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»: Երկուսն էլ 4:0 հաշվով են ավարտել հանդիպումները մրցակիցների` «Ֆրայբուրգի» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ, իսկ ահա «Բայերը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտություն է կրել «Շալկեից»` հնարավորություն տալով դորտմունդցիներին միավորների տարբերությունը հասցնելու նվազագույնի: Ավելացնենք, որ գոլային հիանալի փոխանցումներով առանձնացել է Հենրիխ Մխիթարյանը:
Ֆրանսիական դիվիզիոնում քսանհինգերորդ տուրի խաղերն ամբողջացնողների մեջ էր նաև առաջատար եռյակը եզրափակող «Լիլը»: Արտագնա խաղում «Էվիանի» հետ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2:
ՄԱՐՏԻՆ ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ